Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Օսկանյանի արածն ավելի շուտ զբոսաշրջություն է, քան քաղաքականություն

Օսկանյանի արածն ավելի շուտ զբոսաշրջություն է,  քան  քաղաքականություն
12.12.2014 | 01:03

90-ականների սկզբից, երբ Հայաստանում ձևավորվեց ընդդիմադիր շարժում, դրա ղեկավարումը ստանձնած տարբեր գործիչներ ու կուսակցություններ գրեթե նույն սխալներն են կրկնել, ինչի պատճառով իշխանությունների համար գրեթե կանխատեսելի են դարձել ընդդիմադիրների գործողություններն ու վարքագիծը: Օրինակ, շատերդ եք լսել «վճռորոշ հանրահավաք» արտահայտությունը: Այդ ձևակերպմանը, իհարկե, հիմա ավելի քիչ մարդ է հավատում, բայց հիմա էլ կան ազնիվ ու միամիտ քաղաքացիներ, ովքեր, ոգևորված հարթակում կանգնածների ելույթներից, պարբերաբար վանկարկում են «հիմա»: Քաղաքականության անգամ մակերեսային իմացությունը հուշում է, որ առանձին վերցրած մեկ հանրահավաքը չի կարող վճռորոշ լինել, որովհետև հրապարակային որևէ միջոցառում քաղաքական գործընթացի ընդամենը մեկ օղակ է: Պատահական չէ, որ «վճռորոշ հանրահավաքի» եկած ու Բաղրամյան 26-ի պարիսպների խորտակումը չտեսած մարդիկ արագ հիասթափվում են հարթակում կանգնածներից, իսկ եթե հարթակում կանգնած լիդերը չի դիմանում գայթակղությանն ու հետևում է Վազգեն Մանուկյանի օրինակին, շատ արագ ջարդում է շարժման ողնաշարը: Ընդդիմության երկրորդ սխալ մտայնությունը «կրիտիկական զանգված» կատեգորիան է: Նախ, այս տերմինը հակաքաղաքացիական է, որովհետև շեշտը դրվում է ոչ թե քաղաքացու վրա՝ որպես նպատակ, այլ ամորֆ զանգվածի՝ որպես միջոց: Եվ հետո՝ ոչ ոք չի կարող որոշել մարդկանց այն քանակը, որի պարագայում հեղափոխությունն անխուսափելի կլինի: 2003-ին Երևանի փողոցներում ավելի շատ մարդ կար, քան Թբիլիսիի, բայց մեզ մոտ շարժումը պարտվեց, հարևան երկրում հեղափոխություն եղավ: «Մեզ հետ են ազատամարտիկները»,- ժողովրդին ոգևորում են ընդդիմադիր առաջնորդները՝ ակնարկելով, որ եթե իշխանությունները կրակեն, մենք էլ կարող ենք դա անել: Դարձյալ պարզունակ հնարք է, որովհետև իշխանության ռեպրեսիվ, ուժային լծակը շատ ավելի ուժեղ ու անսահմանափակ է, ու բնական է, որ ծեծ ուտելուց հետո մարդիկ հարցնում են` բա ո՞ւր էին ձեր ազատամարտիկները: Եվ վերջապես՝ մեր ընդդիմադիրները սիրել են ցույց տալ, որ սփյուռքն աջակցում է հենց իրենց: Այստեղ էլ առկա է տեխնոլոգիական սխալ: Նախ, սփյուռքը շատ բազմաշերտ, ոչ միատարր զանգված է՝ թե ծագումնաբանության ու սոցիալական կազմի, թե աշխարհագրության ու տարբեր երկրներում լինելու հանգամանքով պայմանավորված: Սփյուռքը չի կարող միասնական լինել ու սատարել, ասենք, Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը: Ես, օրինակ, մտածում եմ, որ արտերկրի մեր հայրենակիցներից շատերն ապրում են իրենց առօրյա կյանքով ու առանձնապես նրանց հետաքրքիր էլ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Երկրորդ, Հայաստանում փոփոխություն անողը կամ իրավիճակը նույնը թողնողը մեր քաղաքացիներն են, ու սփյուռքի գործոնն ունի քարոզչական կամ բարոյական նշանակություն: Վերջապես՝ օրենսդրությունն արգելում է այլ երկրների քաղաքացիների ուղղակի կամ ֆինանսական մասնակցությունը մեր ներքաղաքական կյանքին: Այնպես որ՝ այս օրերին գաղթօջախներում ելույթներ ունեցող Վարդան Օսկանյանի արածն ավելի շուտ զբոսաշրջություն է, քան քաղաքականություն: Ես խոսեցի մեր ընդդիմությունների ավանդական դարձած մի քանի սխալների մասին, շարքը կարող եմ շարունակել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա: Ցանկության դեպքում այդ սխալները կարող են սրբագրվել, վերացվել, եթե հարթակում այսօր կանգնածները փոխեն իրենց մտածողությունը, ճիշտ ձևակերպեն իրենց օրակարգն ու առաջնահերթությունները:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ